ՆԳՆ-ն հերքում է հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Մարտի 29-ի հանրահավաքը Ազատության հրապարակում
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ իշխանությունների կողմից խորհրդի անդամների և համակիրների նկատմամբ բռնաճնշումներ են կիրառվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է»,–ասաց նա։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ ՀՀ իշխանությունների կողմից խորհրդի անդամների և համակիրների նկատմամբ բռնաճնշումներ են կիրառվում։ Խորհուրդը նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն արտոնել է իրենց հանրահավաքը, սակայն դրանից հետո նախատեսված երթը դեպի Ազգային ժողովի և կառավարության շենքեր, ինչպես նաև նստացույցը չեն արտոնվել։
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Ազատության հրապարակում ժամը 18։00-ին նախատեսված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքը։
Նախորդ նմանատիպ հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի էր ունեցել մարտի 29-ին: