ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն ծրագրում են վերսկսել ծովային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ վերականգնվել են ավիաչվերթերը Մոսկվայի, Խաբարովսկի և Փհենյանի միջև, և հաջորդ քայլը կլինի ծովային երթուղիների գործարկումը: Լավրովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ինը մշտական կապի մեջ են:
«Նրանք պարբերաբար ուղերձներ են փոխանակում, և այդ պրակտիկան ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել։ Երկխոսության կոնկրետ առիթները որոշում են մեր ղեկավարները», - նշել է նա։ Հնարավոր հանդիպումներ, նրա խոսքով, «հաստատ կլինեն», բայց ամսաթիվը և վայրը կհամաձայնեցվեն լրացուցիչ:
Բանակցությունների թեմաներից Լավրովն առանձնացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնման փորձերի վերաբերյալ երկու կողմերի մտահոգությունը:
«Կարևոր ենք համարում հասնել տարածաշրջանի բոլոր պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմների ստեղծմանը՝ հիմնված արտադաշինքային մոտեցումների վրա։ Ընդգծվել է տարածաշրջանային խաղացողներից դուրս նեղ ձևաչափով դաշինքների ցանց կառուցելու և Հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառուցվածքներն այստեղ առաջ տանելու փորձերի հակաարդյունավետությունն ու վտանգը», - ասել է նա։
Նախարարը նաև մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:
«Մենք հասկանում ենք նրանց կողմից միջուկային ծրագիր իրականացնելու պատճառները։ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը Իրանին իսրայելա-ամերիկյան հարվածներից շատ առաջ է համապատասխան հետևություններ արել: Հենց այն պատճառով, որ այդ եզրակացություններն արվել են ժամանակին, ԿԺԴՀ-ի դեմ ոչ ոք չի էլ մտածում ուժ կիրառել», - հայտարարել է Լավրովը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ շարունակվում է ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական շինարարությունը, և հորդորել է զերծ մնալ այդ դաշինքների՝ հակակորեական և հակառուսական նպատակներով գործունեությունից:
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Մոսկվան լուրջ չի ընդունում «Ուկրաինայի պաշտպանության համար բազմազգ ուժերի կորպուսի» ստեղծման գաղափարը: Նրա խոսքով՝ ուշադրության արժանի չեն «տարբեր այն ցնորքները, որոնք առաջ են քաշվում նրանց կողմից, որ ցանկանում են իրենց ցուցադրել միջազգային ասպարեզում»։