ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հզբոլլահ» շարժումը վերականգնել է իր ռազմական ներուժը և պատրաստ է հետ մղել Լիբանանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ագրեսիան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղխորհրդի անդամ Մահմուդ Կամատին:
«Եթե Իսրայելը որոշի ԱՄՆ-ի աջակցությամբ պատերազմ սկսել Լիբանանի դեմ, ապա դա անհապաղ պատասխան կպահանջի... Մենք լիովին պատրաստ ենք հետ մղել Լիբանանի վրա իսրայելական ցանկացած հարձակում», - ասել է Կամատին:
Նա ընդգծել է, որ «Հզբոլլահի» զինաթափման հարցի նկատմամբ միջազգային ուշադրությունը շարժման մարտունակության և նրա ռազմավարական ներուժի ուղղակի ցուցիչ է:
«Մենք բացարձակապես չենք վստահում ամերիկյան վարչակազմին և մեղադրում ենք նրան, որ կանգնած է տարածաշրջանում բոլոր ագրեսիաների և սպանությունների հետևում։ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում գլխավոր քարտուղար Հասան Նասրուլայի սպանության համար, որն իրականացվել է Իսրայելի ձեռքով։ Մենք չենք ցանկանում որևէ երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ և մերժում ենք բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ «ռազմավարական համբերության» ռազմավարությանը, ինչն այս պահին բխում է Լիբանանի շահերից», - հավելել է Կամատին։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը պաշտոնական այցով ժամանել էր Բեյրութ՝ նպատակ ունենալով ստանալ իշխանությունների պատասխանը հունիսի վերջին «Հզբոլլահի» զինաթափման և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի նախաձեռնությանը: Ամերիկյան էմիսարը Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իսրայելը Լիբանանի հետ պատերազմ չի ցանկանում և ձգտում է խաղաղության, ինչը, սակայն, անիրատեսական է: Նա նաև նշել էր, որ «Հզբոլլահը» լիբանանյան քաղաքական կուսակցություն է, որը հնարավոր չէ պարզապես լուծարել, քանի որ դա ներքին հարց է, որը պետք է լուծեն հենց լիբանանցիները:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ, չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, Իսրայելը շարունակում է պարբերաբար խախտել Լիբանանի ինքնիշխանությունը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավային հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակական օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Թել Ավիվը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը:
Հասան Նասրուլլան «Հզբոլլահի» բազմաթիվ այլ ղեկավարների հետ զոհվել է 2024 թվականի սեպտեմբերին Իսրայելի կողմից Հարավային Բեյրութում գտնվող շարժման կենտրոնակայանի ռմբակոծության ժամանակ։