ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Եվրամիությունը պատրաստ է հակաքայլեր սահմանել ԱՄՆ-ի դեմ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունների ձախողման դեպքում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից ԵՄ-ից ներկրման համար 30 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին:
«ԵՄ-ի շահերը պաշտպանելու համար մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում, ըստ անհրաժեշտության, համաչափ հակաքայլերի ընդունումը», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Բրյուսելը մտադիր է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակել մինչև օգոստոսի 1-ը:
Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Եվրամիությունը Թրամփի քաղաքականության ֆոնին պատրաստվում է ընդլայնել գործընկերությունն այլ երկրների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր օգոստոսի 1-ից Եվրամիությունից ապրանքների համար 30 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին, ընդ որում ուժի մեջ կմնան նախկինում սահմանված ոլորտային տուրքերը: Միաժամանակ, նա սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել, եթե Եվրամիությունը հակաքայլեր կիրառի։