ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից հետո ոստիկանները թույլ չեն տվել երթ իրականացնել, հայտարարելով, որ ուժ կկիրառեն։ Արցախցիներն էլ ի նշան բողոքի անժամկետ նստացույց են իրականացնելու։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացքող Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հրավիրած հանրահավաքում հայտարարեց խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
«Որպեսզի չգնանք բախումների ոստիկանների հետ, մենք նստացույց կիրականացնեք։ Չեմ կարծում՝ այստեղ խնդիրներ կունենանք»,–ասաց Մկրտչյանը։
Նա նշեց, որ իրենք նախատեսել էին Ազատության հրապարակից երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, որպեսզի ԱԺ–ի մոտ վրաններ տեղադրեին կամ շարունակիեն երթը դեպի ՀՀ կառավարության շենք։
«Քանի որ ոստիկանները մեզ արգելեցին վրաններ տեղադրել, ուժ կիրառելու սպառնալիքով, մենք այստեղ իրականացնելու ենք նստացույց՝ նրանց հետ կապ պահելով»,–ասաց Մկրտչյանը։
Հանրահավաքի մասնակից ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա արցախցիների կողմից արդեն ծայրահեղ քայլ է, քանի որ կառավարությունը ողջամիտ ժամկետներում այդպես էլ լուծումներ չի տվել նրանց բարձրացրած խնդիրներին։ Նա ընդգծեց, որ կարևոր է, որ լուծվեն արցախցիների ոչ միայն սոցիալական խնդիրները, այլ նաև ապահովվի նրանց Արցախ անվտանգ հավաքական վերադարձը և մյուս կարևոր խնդիրները։
Սաիդա Պողոսյանն էլ հայտարարեց, որ խորհրդի անդամներով շարունակելու են մնալ Ազատության հրապարակում և կոչ արեց հավաքվածների չլքել հրապարակը։
«Խորհրդի ամբողջ կազմը նստացույց է հայտարարում, և խնդրում ենք, ովքեր ինչով կարող են օգտակար եղել, եթե կարող եք բերեք քնապարկներ, աթոռներ, ջուր, որպեսզի կարողանանք գիշերն այստեղ անցկացնել»,–ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրի մասով, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։