ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ռուսական С-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման թեման կրկին կապել է այդ երկրում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առկայության հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիան գործընկերների հետ քննարկում է F-35 կործանիչների մատակարարման նախագծին իր վերադարձը։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էրդողանի աշխատակազմի աղբյուրը, Թուրքիայի՝ F-35-ի ծրագրին վերադառնալու կոնկրետ ժամկետների մասին բանակցային գործընթացը շարունակվում է։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերում ռուսական C-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է, և նա հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը «հավատարիմ կլինի» Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման համաձայնագրին:
«Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի՝ թվով երկրորդ բանակը և կառույցում կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Այն զգալի առաջընթաց է գրանցել ռազմաարդյունաբերության ոլորտում։ Եթե C-400-ի նման խնդիրները լուծվեն, F-35-ի մատակարարման գործընթացը կարող է վերադառնալ օրակարգ: Նախագահ Թրամփը ճկունություն է ցուցաբերել այս հարցում։ Կարծում ենք, որ ապագայում Թուրքիայի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի», - ամերիկացի դիվանագետի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։
2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որով նախատեսված կայանքները ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան դա մերժեց։ Որպես հետևանք՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և CAATSA օրենքով («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ Միացյալ Նահանգները նաև չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը: