ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին չի տրամադրվել իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև պաշտպանվելու արդար հնարավորություն։ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:
«Նրան զրկել են գործի կարևոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից, դատավարական հիմնարար իրավունքներից և մեկուսացրել միջազգային դիտարկումից ու աջակցությունից։ Կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե' դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին` դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր»,– հայտնել է Սիրանուշ Սահակյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին այն դեպքում, երբ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։
«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սիրանուշ Սահակյանը։
Գրիգորյանը նկատել է, որ վերոնշյալը կոպտորեն խախտում է ինչպես Ադրբեջանի ներքին օրենսդրությունը, այնպես էլ արդար դատաքննության չափանիշները։
«Այն խաթարում է արդարադատության գաղափարը և ցույց է տալիս, որ դատավարությունը քաղաքական շարժառիթով իրականացվող վարույթ է, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից»,–նշել է Սահակյանը։
Փաստաբանը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: