ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչությունը։
ՍԱՏՄ–ի հայտնաբերած խախտումները «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում
Նշվում է, որ հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են աշխատանքի հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
«Հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել լվացվող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով։ Սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը նորոգված չի եղել։ Պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից»,– նշվում է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ–ն արձանագրել է նաև, որ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, իսկ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և պարագաների մի մասը չեն ենթարկվել պատշաճ մաքրման։
ՍԱՏՄ–ի հայտնաբերած խախտումները «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում
«Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի համար սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: