ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մայիսի 27-ից ի վեր Գազայում Իսրայելի և ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող «բաշխման կենտրոններում» մարդասիրական օգնություն ստանալու փորձի ժամանակ սպանված պաղեստինցիների թիվը հասել է 798-ի։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին։
Հունիսի վերջին պաղեստինյան կիսաէքսկլավի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 27-ից ի վեր Գազայի հատվածում օգնության բաշխման կենտրոնների մոտ իսրայելական կրակի հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 580-ի։
«Իրականում ձեզ համար թարմացված տվյալներ ունեմ օգնություն ստանալու փորձի ժամանակ բաշխման շրջաններում մահացածների թվի վերաբերյալ։ Հուլիսի 7-ի դրությամբ մենք 798 սպանություն ենք գրանցել, այդ թվում 615-ը՝ օգնության բաշխման կետերի անմիջական մոտակայքում, և 183-ը՝ ենթադրաբար՝ օգնության ավտոշարասյան ճանապարհներին», – ասել է նա։
Նա հավելել է, որ զոհերի մեծ մասը սպանվել է հրազենից։
Մայիսին, մարտական գործողությունների զգալի ընդլայնման ֆոնին, Իսրայելի իշխանությունները հայտարարեցին Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու նոր ծրագրի մասին։ Ծրագրի համաձայն՝ օգնությունը բաշխվում է այն տարածքներում, որտեղ այլևս չկա ՀԱՄԱՍ–ի ներկայությյունը։ ՀԱՄԱՍ–ի անդամները նախկինում մեղադրվում էին մարդասիրական մատակարարումները թալանելու մեջ: