ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Հերթական քաղաքական պատվերն է ու քաղաքական հետապնդումը։ Իր տան խուզարկությունից հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ որդու՝ Տարոն Մանուկյանի ձերբակալության մասին իրավապահները հայտնել են բառի բուն իմաստով` ոտքի վրա, ու տարել են նրան։
«Առավոտից քննչականի ու ԱԱԾ–ի ծառայողներ մտան տուն, հիմար պատճառաբանություն էր՝ որդուս՝ Տարոնի փաստացի բնակության վայրը խուզարկելու։ Ցանկանում էին առգրավել հեռախոսս։ Բացատրեցի, որ ԱԺ պատգամավոր եմ, իրավունք չունեն, դատարանի որոշման մեջ էլ չկա որևէ հիշատակում, խոսքը միայն Տարոնին էր վերաբերում։ Խուզարկությունն ավարտվեց, հիմար խուզարկություն էր, «Երկիր մեդիա»-ի կասետներից տարան, որի վրա իրենք էլ կարդացին, գրած էր՝ «կնունք»»,- ներկայացրեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իրավապահները տարել են համակարգիչներից մեկը, Տարոնի հեռախոսը, իսկ իր հեռախոսը զննության են ենթարկել։
«Հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Տարան պատշգամբ` զրուցելու, փորձեցին ուժով վերցնել հեռախոսս, ես փորձ արեցի թույլ չտալու, բայց չկարողացա, շատ էին, հեռախոսս էլ առգրավեցին»,- նշեց պատգամավորը։
Շեշտեց՝ իրավապահներին էլ ասել է, որ այն, ինչ անում են, իրավական գործընթացի հետ կապ չունի, փուչիկ է, պարզապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են և փորձում են գլուխները կախ ծառայել։
Ինչպես հայտնել ենք, այսօր խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Խուզարկությունների հիմքում 2022 թվականի գործ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում էր նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ազատ արձակվեց։
2022 թվականի մայիսի 8-ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի էր դարձել, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
Նշված գործով մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: 2022 թվականի հոկտեմբերին Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը ազատ արձակվեց։