ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Կառավարության այսօրվա որոշմամբ «Աթենք» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց։
Որոշման հիմնավորմամբ՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության պահանջները բավարարելու համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում հումքի, սարքավորումների ձեռքբերման և նոր գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։
«Ներկայում առկա է 1433 աշխատատեղ՝ 387 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 1500-ի՝ 410,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով»,- նշված է հիմնավորման տեքստում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․3 մլրդ դրամ։
Նշվում է, որ տվյալ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Նախատեսվում է, որ արտոնությունը լուրջ խթան կդառնա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: