Պահանջում ենք դադարեցնել ապօրինի գործընթացը․ ՀԱԿ-ը՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին

Քաղաքական ուժը շեշտում է, որ կատարվող գործընթացը խախտում է Սահմանադրությունն ու խարխլում է ՀՀ ներդրումային միջավայրի վստահելիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։ ՀԱԿ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծվում է՝ ՀԷՑ-ի պետականացումը, որը կատարվում է առանց սեփականատերերի հետ բանակցությունների, արդար փոխհատուցման և օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, խախտում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, որն երաշխավորում է սեփականության անձեռնմխելիությունը։
Շեշտում են՝ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրին։ Ու դա ոչ միայն սպառնում է ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր» հոլդինգի օրինական շահերին, այլև խարխլում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի վստահելիությունը։
ՀԱԿ-ն ընդգծում է՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը բացահայտ անօրինական է։ Պահանջում են դադարեցնել այս ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։
«Իշխանությունների կողմից ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական բռնաճնշումների իրական պատճառը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ նրա ցուցաբերված աջակցությունն է, իսկ մեղադրանքն առաջադրելու համար առիթ է հանդիսացել մի հրապարակային հայտարարություն, որն անօրինական որևէ դրույթ չի պարունակում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հայ ազգային կոնգրեսը դիմում է իրավապահ մարմիններին և դատական համակարգին՝ անհապաղ վերանայել ՀԷՑ-ի պետականացման գործընթացը և ապահովել սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Միաժամանակ, ՀԱԿ-ը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և քաղաքացիական հասարակությանը՝ միանալ սեփականության իրավունքի, օրենքի գերակայության, խոսքի և կրոնական ազատությունների պաշտպանության պայքարին։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է նաև, որ ՀԷՑ-ի պետականացումը ոչ միայն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, այլև խարխլում է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները։ Պահանջում է դադարեցնել ապօրինի գործընթացը և վերականգնել արդարությունը։
Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: