ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարան

Արթուր Սարգսյանը երեկ զրկվեց անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը միջնորդություն կներկայացնի դատարան, որպեսզի նրա համար խափանման միջոց ընտրվի ստորագրությունը չհեռանալու մասին։ Փաստաբանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
Առաջին ատյանի դատարանն այս պահին քննում է Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
«Որևէ տվյալ չի վկայում այն մասին, որ պարոն Սարգսյանը փախուստի փորձ է կատարելու, ինչ-որ անձանց վրա ազդեցություն է գործադրելու համ էլ նոր հանցանք է կատարելու։ Ընդհակառակը` նրա գործողությունները վկայում են, որ նա չի խուսափում քննությունից»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը հուլիսի 8-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն օրը ԱԺ–ն բավարարեց նաև նրան ազատազրկելու միջնորդությունը։
Մինչ խորհրդարանը քննում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը, Սարգսյանը գնացել էր ՀՀ քննչական կոմիտե` վստահ լինելով, որ իրեն կձերբակալեն։
Արթուր Սարգսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) 1-ին մասով և 43-419 հոդվածի (իշխանության զավթման նախապատրաստում) 1-ին մասով գործողություններ։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությունը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում է։