ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Վաղ առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, իրավապահները մտել են նաև ՀԷՑ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և խուզարկություն են իրականացնում։
«Իրավապահներն աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս»,– հայտնեց ՀԷՑ–ի մամուլի պատասխանատուն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։