«Մենք սպասում էինք». Նարեկ Կարապետյանը գիրք է վերցրել ոստիկանություն գնալու համար

Ոստիկանություն գնալուց առաջ Նարեկ Կարապետյանը նույնիսկ նախապատրաստվել էր այնտեղ երկար մնալուն և տնից իր հետ գիրք է վերցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ իր տանը վաղ առավոտից իրականացվող քննչական գործողությունները հավաքի հետ է կապված։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` համոզմունք հայտնելով, որ իրեն կձերբակալեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները մտել են գործարար, բարերար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու` ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՔԿ–ն անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնում Նարեկ Կարապետյանի տանը։
«Չգիտեմ` ինչի համար, բայց ամենայն հավանականությամբ կձերբակալեն։ Երևի այսքան ման են եկել, բան չեն գտել,։ Գտել են ինչ–որ նոր գործ։ Երևի հավաքի հետ կապված, միտինգ ենք արել, ինչ ենք արել, տենց էլ չհասկացա։ Երևի հավաքին, որ մասնակցել ենք, դրա հետ է կապված։ Ամեն դեպքում մենք սպասում էինք, մի քիչ նույնիսկ ուշացան։ Մի բան պետք է լիներ, մի բան պիտի գտնեին»,– ասաց նա։
Կարապետյանը նաև հայտնեց, որ իրավապահները տանը գտել և առգրավել են 2 գլխարկ, մեկ կրիչ` երեխաների լուսանկարներով, և 4 iphone-ի գումար։
Ոստիկանություն գնալուց առաջ Նարեկ Կարապետյանը նույնիսկ նախապատրաստվել էր այնտեղ երկար մնալուն և տնից իր հետ գիրք վերցրել կարդալու համար։
Ջո Ստադվելի «Կառավարման ասիական մոդել» գիրքը
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ նախընտրել է ասիական երկրների տնտեսության զարգացման մոդելի և ներքին արտադրողին պաշտպանելու մասին գիրքը։
«Շատ հետաքրքիր տնտեսագիտական գիրք է։ Խորհուրդ կտամ` դուք էլ կարդաք»,– ասաց Կարապետյանը` հավելելով, որ ներքին արտադրողին պաշտպանելը երկրի տնտեսությունը զարգացնելու միակ տարբերակն է։
Խոսելով երկրում այսօր ծավալվող իրադարձությունների մասին` գործարարը կարծիք հայտնեց, որ ՀԷՑ–ի պետականացմանն ուղղված քայլերը հետագայում ևս ստվերելու են երկրի վարկանիշը, նույնիսկ եթե իշխանությունը փոխվի։
«Կարող է իշխանությունը փոխվել, բայց քանի որ երկրում նման նախադեպ է եղել, դա կարող է բացասական ազդել ներդրողի ցանկության վրա»,– ասաց Կարապետյանը։
Սեփականատերերը ՀԷՑ–ի դեմ ուղղված քայլերին վերաբերող հայցով պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժ և այդ մասին արդեն զգուշացրել են կառավարությանը։ Նարեկ Կարապետյանը համոզված է, որ միջազգային ատյանը կպաշտպանի մասնավորի շահը։
Նարեկ Կարապետյանին այժմ տարել են ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ, որտեղ ՔԿ–ն այս պահին անհետաձգելի գործողություններ է իրականացնում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։ Հուլիսի 2-ին Փաշինյանը նախազգուշացում արեց, թե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։