ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացնելու հնարավորություն տվող օրենքը

ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«ՀՀ նախագահը ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»,–նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին՝ նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար: