ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ վեհարանը խուզարկելու կամ դատավարական այլ գործողություններ իրականացնելու հրահանգ է տալիս։ Այս մասին «Ֆեյսբուքում» ահազանգում են իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։
Փաշինյանն առավոտյան գրառում էր կատարել՝ նշելով` եթե կաթողիկոսը (գրառման մեջ նրան անվանել էր ավազանի անունով – խմբ․) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (գրառման մեջ երկու սրբազաններին նույնպես անվանել էր ավազանի անուններով – խմբ․) կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն «կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու` վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»։
«Առավել ևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ, որ Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»,- գրել էր Փաշինյանը։
Այս գրառմանն առաջիններից մեկն արձագանքել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս գրառմամբ Փաշինյանը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել վեհարանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսպես Փաշինյանը միջամտում է նախաքննությանը։
«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, նշել էր, թե իրավապահների գործողությունների իրականացման համար չի կարող լինել փակ տարածք։
«Դա չի նշանակում, թե մենք հիմա գործողություն ենք իրականացնելու Մայր աթոռի շենքի ներսում։ Եթե լինեն օպերատիվ տվյալներ, որ այնտեղ պետք է, օրինակ, խուզարկություն անել, միանշանակ պետք է անել։ Օրինակ, դուք ձեզ ապահով կզգա՞ք, որ այնտեղ լինեն արգելված միջոցներ, որոնք պետք է կիրառվեն այն խանութում կամ ավտոբուսում, որտեղ կարող է նստած լինել ձեր ծնողը»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։