ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը Մայր աթոռում խուզարկություններ անելու մասին չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Փաշինյանն առավոտյան գրառում էր կատարել՝ նշելով` եթե կաթողիկոսը (գրառման մեջ նրան անվանել էր ավազանի անունով – խմբ․) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (գրառման մեջ երկու սրբազաններին նույնպես անվանել էր ավազանի անուններով – խմբ․) կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն «կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու` վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»։ Նա նշել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել։
«Մենք ունեցել ենք երևույթ, երբ իրավապահ մարմինները փորձել են գործողություններ իրականացնել նշված տարածքում՝ Էջմիածնի տարածքում, որովհետև, ցավոք, այն անձը, որը պետք է ներկայանար իրավապահ մարմիններին, թաքնվել էր եկեղեցու տարածքում։ Եվ քանի որ կային մարդիկ, որոնք մտածում էին, որ ՀՀ-ում կա ինչ-որ տարածք, պաշտոն, անուն-ազգանուն, հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի բոլոր առումներով, այդ գրառումը դրա մասին է, որ դա հնարավոր չէ»,- կարծում է Հովհաննիսյանը։
Նա հավելեց՝ չի կարող նման բան լինել և չի եղել նման դեպք, երբ վարչապետն անոնսի իրավապահ մարմինների գործողությունների մասին։
Նշենք, որ Փաշինյանի գրառումից հետո իրավապաշտպանները սկսել էին ահազանգել, որ վարչապետն իր նոր գրառմամբ վեհարանում խուզարկություն կամ դատավարական այլ գործողություններ իրականացնելու հրահանգ է տվել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։