Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik․ Երկրաշարժ է եղել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք` գրեթե նույն տարածքում` Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, երկրաշարժ էր եղել նաև հունիսի 30–ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել էր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։