Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել

Միքայել և Բագրատ սրբազանները. Արխիվային լուսանկար
Հուլիսի 5–ին` ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, Միքայել և Բագրատ սրբազանները մեկօրյա հացադուլ են հայտարարել` դատապարտելով իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ -ին կից մեկուսարանի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազաններին հոգևորական է այցելել իրենց իսկ խնդրանքով։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նույն խցում պահվող Միքայել և Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Դիմումը բավարարվել է, և նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, որն ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն»,–հայտնեցին ՔԿԾ–ից։
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 5–ին` ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, Միքայել և Բագրատ սրբազանները մեկօրյա հացադուլ են հայտարարել` դատապարտելով իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ` կից հրապարակելով ձայնագրություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։