Զրպարտությունը պետք է դադարեցվի. Սամվել Կարապետյանի փաստաբանները՝ ՔՊ–ի դեմ հայցերի մասին

Անհրաժեշտության դեպքում փաստաբանները շարունակելու են դատական հայցեր ներկայացնել Սամվել Կարապետյանի իրավունքներն ու գործարար համբավը պաշտպանելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»,– ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կալանքի տակ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան հայցադիմումներ է ներկայացրել։ Սամվել Կարապետյանը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։