Վահագն Չախալյանը ձերբակալվել է

«Կամք» նախաձեռնության ղեկավարին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը ձերբակալվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վահագն Չախալյանj նկատմամբ»,– ասացին իրավապահ կառույցից։
Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան միջնորդություն ներկայացնելու նպատակով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։