ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի հետ կապված գործով արդեն 16 կալանավորված կա` վերջինը Վահագն Չախալյանն է։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտնեց գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Էլ չեմ խոսում Արթուր Սարգսյանի մասին, որ հիմա Ազգային ժողովում ՔՊ–ն ինչ–որ Մարլեզոնսկի բալետ է բեմադրում և ամենևին բացառված չէ, որ նոր մարդիկ էլ ներգրավեն»,– նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ այսօր ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։