ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն ստացել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար։ Միջնորդագրից մի հատված ԱԺ խոսնակը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Գլխավոր դատախազի ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ Արթուր Սարգսյանը և մի խումբ այլ անձիք 2024 թ.–ի հունիսից մինչև 2025 թ.–ի մարտ ամիսները նախապատրաստել են իրականացնել ահաբեկչություն և յուրացնել իշխանությունը։
Միջնորդության մեջ ներկայացված են քննությամբ ձեռք բերված փաստեր, որոնք հիմք են տալիս Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստում) և 43․419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում)՝ այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Հիշեցնենք, որ հունիսի 26–ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։
Հավելենք, որ Արթուր Սարգսյանը 2021 թ. հուլիսին կալանավորվել էր, ազատ էր արձակվել հոկտեմբերին։
Նա նախկինում Սիսիան համայնքի ղեկավարն էր ու մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ակտիվորեն մասնակցել է «Սրբազան շարժմանը»։