ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակի խուզարկությունից հետո կալանավորվել են «Տաշիր գրուպ» խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն ու անշարժ գույքի գործակալը։ Այս մասին գրում է Armlur.am–ը` հղում անելով իր աղբյուրներին
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից այսօր հայտնել էի, որ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկությունից հետո 2 մարդ կալանավորվել է, 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։