ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են խաղային բիզնեսի գովազդի սահմանափակումներին:
Օրինագծի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր:
Նախկին կարգավորումների համաձայն` խաղատների և խաղերի առցանց հարթակների գովազդը թույլատրվում էր միայն խաղային հաստատություններում, ցամաքային և օդային անցակետերում, ինչպես նաև չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում:
Նոր կարգավորումներով` գովազդը կթույլատրվի բացառապես խաղային ընկերությունների շենքերի ճակատային մասերին և հենց գրասենյակներում։
Ինչպես նշել է Ղահրամանյանը, նույնիսկ սահմանափակ ձևաչափով նման պրակտիկան բացասական ազդեցություն է ունենում երկրի իմիջի վրա, հատկապես պատկառելի օտարերկրյա հյուրերի աչքում:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: