Բաքվում ձերբակալված 13 ռուսաստանցիներին այցելությունն արդեն համաձայնեցված է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան աշխատում է Բաքվի գործընկերների հետ՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին տեսակցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հյուպատոսական աշխատակիցների այցելությունը Ադրբեջանում ձերբակալված 13 ՌԴ քաղաքացիներին համաձայնեցված է:
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ հյուպատոսական հասանելիություն ստանալու նպատակով ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում ադրբեջանական կողմի հետ:
«Համաձայնեցվել է հյուպատոսության աշխատակիցների տեսակցությունը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիներին», – ասել է ռուս դիվանագետը:
Այլ մանրամասներ նա չի հաղորդել։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսական ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո բանակցություններ էին ընթանում իրավական հարցերի շուրջ՝ Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար։
Սակայն Եկատերինբուրգում սպանություններից և մահափորձերից հետո ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալության պատճառով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, և այդ ֆոնին հունիսի 30-ին Sputnik Ադրբեջանի գրասենյակում խուզարկություն իրականացվեց։ Ադրբեջանի ՆԳՆ-ն դա անվանեց «հատուկ գործողություն»։
Արդյունքում ձերբակալվեց 7 մարդ, այդ թվում՝ Sputnik Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ավելի ուշ նրանք 4 ամսով կալանավորվեցին։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ-ի «Խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման մասին» հոդվածներով:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողներին: ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին, բողոք է հայտնել նրան և նոտա է փոխանցել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ: