Աշխատանքային միգրանտներին պետք է ուղարկել այնտեղ, որտեղ նրանք պետք են Ռուսաստանին. Կլեպաչ

Ռուսաստանին ներգաղթի հոսք և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում աշխատանքային միգրանտների համար պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք գնան և աշխատեն այնտեղ, որտեղ առաջնահերթ են պետք աշխատող ձեռքեր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությանը միգրացիոն ներհոսք է պետք։ Անհրաժեշտ են նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
«Ասացեք` որտե՞ղ են մեր հիմնական միգրանտները։ Իհարկե Մոսկվայում, Մոսկվայի մարզում: Իսկ Սիբիրում, որտեղ աշխատողների խիստ պակաս կա, նրանք բավականին քիչ են: Ուրեմն սա կրկին պետական քաղաքականության հարց է, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի աշխատանքային միգրանտները գնան և աշխատեն այնտեղ, որտեղ առաջին հերթին աշխատող ձեռքեր են պետք»,-եզրափակել է ВЭБ.РФ-ի գլխավոր տնտեսագետը:
Նշենք, որ վերջին տարիների տվյալներով՝ Ռուսաստանում մոտ 3-3,5 մլն աշխատանքային միգրանտ կա, որոնց հիմնական մասը Կենտրոնական Ասիայի երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են:
Ռուսաստանը սպասում է աշխատանքային միգրանտներին, բայց պահանջում է պահպանել կանոնները
2025 թվականի հունվարին հրամանագիր է ստորագրվել, որը խստացնում է միգրանտների կեցության պահանջները` ներառյալ միգրացիոն ռեժիմի պահպանումը և փաստաթղթերի ձևակերպումը։ 2025 թվականի հունիսի 30-ից օտարերկրացիների համար ուժի մեջ են մտնում ՌԴ մուտքի նոր կանոնները առանց վիզայի երկրներից։
Մասնավորապես, կանոնների համաձայն, նախքան մուտքը օտարերկրացիները պետք է գրանցման ընթացակարգ անցնեն նույնականացման միասնական համակարգում։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ մուտքի դիմում ներկայացնեն՝ օգտագործելով «ruID» բջջային հավելվածը։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ:
Մոսկվայի համար առաջնահերթ խնդիրներից են շարունակում մնալ միգրացիոն հոսքերի օրինականացումը և օտարերկրյա քաղաքացիների շրջանում խախտումների թվի նվազեցումը։
ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները