Քաղաքական խարդավանքներով զբաղված ՀԷՑ–ի աշխատողները կազատվեն աշխատանքից. Փաշինյան

Փաշինյանն ընդգծել է, որ այն աշխատակիցները, ովքեր ցույցերի չգնալու համար կազատվեն աշխատանքից, հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Այս մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ընդգծել է, որ նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին և հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»,–գրել է նա։
Ավելի վաղ Փաշինյանը ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ ՀԷՑ-ի բոլոր այն աշխատողները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, ազատվելու են աշխատանքից։ Նա նաև նշել էր` այն աշխատողները, որոնք կհրաժարվեն ստիպողաբար ցույցի գնալուց և այդ մասին կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, կոնկրետ ցուցմունքներ կտան, նրանք ՀԷՑ–ի պետականացումից հետո չեն ազատվի աշխատանքից, չեն դատվի ու կխրախուսվեն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։