ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Եվրամիությունը «մոտակա օրերին» կընդունի «վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտակա օրերին կընդունենք վերջին երեք տարվա ընթացքում մեր սահմանած ամենախիստ պատժամիջոցները։ Դրանք կիրագործվեն ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, որտեղ հուլիսի սկզբին սպասվում է, որ ԱՄՆ Սենատը կընդունի ծավալուն պատժամիջոցների փաթեթը», - հայտարարել է նա Monde պարբերականին տված հարցազրույցում։
Այսպիսով, Բարրոյի խոսքով, ԵՄ-ն ակնկալում է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների գնալ Կիևի հետ:
Հուլիսի 1-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տեղի է ունեցել Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ նշելով, որ այն կրել է բովանդակալից բնույթ: Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Ռուսաստանի նախագահը Մակրոնին հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը «Արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանքն է»: Նա ընդգծել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է կրեն համալիր և երկարաժամկետ բնույթ, նախատեսեն ուկրաինական ճգնաժամի սկզբնական պատճառների վերացում և հենվեն տարածքային նոր իրողությունների վրա:
РБК-Украина գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հուլիսի 1-ին հաղորդել է, որ Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն և մանրամասներ պատմել Ռուսաստանի նախագահի հետ խոսակցության մասին:
ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։