Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման դադարեցման մասին միջնորդություն են ներկայացրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Արխիվային լուսանկար
Շիրակի թեմի առաջնորդը 2 ամսով կալանավորվեց հունիսի 28–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ դադարեցնելու քրեական հետապնդումը: Այդ մասին պաշտպանական կողմն այսօր հայտարարություն է տարածել։
Պաշտպանները, մասնավորապես, նշել են, որ սրբազանին մեղսագրված արարքը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ, ուստի քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
«Քննարկվող հանցակազմի իմաստով բռնության կոչեր չեն կարող համարվել իշխանության քննադատությունը, իշխանությունների հրաժարականի անհրաժեշտության հիմնավորումը, հրաժարականի պահանջը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու կոչը կամ կազմակերպումը, փոխաբերական իմաստով արված արտահայտությունները»,– նշել են փաստաբանները` հիշեցնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները:
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային իշխանության մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են հանդուրժել իրենց հասցեին արված ավելի սուր քննադատություն, քան այն, որը թույլատրելի է մասնավոր անձանց հասցեին: Մյուս կողմից, այդ քննադատությունը չի կարող վերածվել բռնության կոչերի, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ:
Փաստաբանական թիմի պնդմամբ` հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այսինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կիրառման: Մինչդեռ Աջապահյանի հարցազրույցներում նման բան չկա։
Հիշեցնենք նաև` հուլիսի 1–ին սրբազանի պաշտպանական թիմը մեկ այլ հայտարարություն էր տարածել` նշելով, որ Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթով իրավապահ մարմինների իրավական փաստարկները ոչ միայն անհիմն են, այլև հակասական:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա հունիսի 28–ին 2 ամսով կալանավորվեց։
Սրբազանների խուցը դատարկ չի մնալու. Աղվան Վարդանյանը զգուշացրեց ՔՊ–ականներին