ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գրավոր հարցում հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Երևանի «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների» թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար։
Ավելի վաղ Sputnik Արմենիան զրուցել էր դպրոցի ծնողների հետ և պարզել, որ ուսումնական տարվա ընթացքում 2 հնամաշ «Գազելները» չեն աշխատում և լուրջ խոչընդոտներ են առաջացնում երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման համար։ Մայիսի 20–ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ դիմել տարբեր գերատեսչությունների, որպեսզի գտնվի խնդրի լուծումը։
Նշենք, որ բացի հաշմանդամություն ունեցող երեխաներից, հնամաշ «Գազելներից» օգտվում են նաև մանկատան երեխաները, որոնք նույնպես հաճախում են այս դպրոց։ Ծնողները միաբերան կրկնում են` 2 «Գազելով» հնարավոր չէ սպասարկել 106 երեխայի։
Հասկանալու համար, թե քաղաքապետը որ գերատեսչություններին է դիմել և ինչ արձագանք է ստացել և որևէ կերպ պատրաստվո՞ւմ է խնդրին միջամտել,պարզաբանումներ խնդրեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Սկզբում մեզ հայտնեցին, որ խնդրի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը չէ, սակայն ստանալով քաղաքապետի խոստումը հավաստող տեսանյութը` խոստացան պարզաբանումներ տալ։
Հարցումից 10 օր անց քաղաքապետարանից մեզ արձագանքեցին։
«Թեև հաստատությունը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ, ինչպես նաև տրանսպորտի ապահովման հարցում համայնքի աջակցության հնարավորությունը դիտարկելու մասին որևէ դիմում չի ստացվել հաստատության օրինական ներկայացուցչից՝ խնդիրը քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրացմանն օժանդակելու առաջնահերթությունը: Արդյունքում, Երևանի քաղաքապետարանից նախատեսվում է նաև գրավոր հարցում հղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որի պաշտոնական պատասխանից կախված՝ կքննարկվեն հաստատության կարիքների համար Երևանի համայնքի աջակցության առկա հնարավորությունները»,–հայտնեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք` դպրոցի ծնողները մեզ հայտնել էին, որ երբ 2023 թվականի ապրիլի 6-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելել է բարեգործությունը պետական հաստատությունների համար, դպրոցը համապատասխան պարզաբանումներով դիմել է ԿԳՄՍՆ, որպեսզի թույլտվություն ստանա, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը դպրոցին կրկին «Գազելներ» նվիրի, ինչպես դա արել է 2012 թվականին։
Սակայն ԿԳՄՍՆ–ից պատասխանել են, որ երեխաներին դպրոց և տուն տանելու հարցը դպրոցի տիրույթում չէ, իսկ 2 հնամաշ «Գազելների» համար նախարարությունը տրամադրել է վարորդի հաստիք և մեքենաների նորոգման ծախսեր, պետք է այդքանով բավարարվել։ Ծնողները դիմել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, սակայն խնդրին արդեն 3 տարի է` այդպես էլ լուծում չի տրվում։