ՀԷՑ–ի պետականացման հետևանքներն անհայտ են. հանձնաժողովը հաշվարկներ չի արել

Աշոտ Ուլիխանյանը. Արխիվային լուսանկար
ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասել էր, որ պետական կառույցներից վերջին տարիներին անգամ ակնարկ չի եղել, որ ընկերության աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրում, վերլուծում է Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կիրառում համապատասխան պատասխանատվության միջոցներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը` մեկնաբանելով ՀԷՑ–ի ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ հակառակ իշխանությունների քննադատությանը, պատասխանատու պետական մարմինն ընկերության աշխատանքի որակից երբևէ չի դժգոհել։
Նշենք` հունիսի 30-ի ասուլիսում ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ասել էր, որ նախորդ տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ՀԷՑ–ի աշխատանքի որակը կարող է հանգեցնել լիցենզիայից զրկելուն։
Հղում անելով ՀԾԿՀ–ի պաշտոնական տեղեկանքը` Ղազինյանն ասել էր, որ 2022 թ–ի համեմատ 2023թ–ին հոսանքազրկումները ՀՀ–ում նվազել են 8.7 տոկոսով, ներդումային ծրագիրն ընկերությունը կատարել է 91.8 տոկոսով։
Մեկնաբանելով ընկերության այս հայտարարությունը` ՀԾԿՀ–ի ներկայացուցիչն ասաց. «Տարբեր խնդիրներ եղել են, որոշակի կանոնների խախտումներ` ևս, դրանց համար պատասխանատվության որոշակի միջոցներ ժամանակին կիրառվել են։ Որքան ինձ հայտնի է, որոշակի պարտավորություններ չպահպանելու համար նաև տուգանքի որոշումներ ենք ունեցել նախորդ տարիներին։ Այս տարի էլ է եղել։ Վերջինը` հունիսի 17-ի նիստում է ընդունվել»։
Աշոտ Ուլիխանյանը պարզաբանեց, որ հանձնաժողովը տուգանքի որոշում է կայացնում այն դեպքերում, երբ հանրային ծառայություն մատուցող ընկերությունը կա՛մ օրենքի պահանջը չի պահպանում, կա՛մ հանձնաժողովի որոշմամբ սահմանված կանոնների, կարգերի պահանջները։
«Դրանք կարող են վերաբերել ընդհատումների տևողությանը, կարող են վերաբերել լարման հաճախականության շեղումներին, կարող են վերաբերել ցանցին միացման ժամկետների չպահպանմանը։ Այս գործընթացը հանձնաժողովի ամենօրյա աշխատանքն է, պարբերաբար վերլուծություններ, ուսումնասիրություններ կատարվում են, և, եթե պարզվում է` ամեն ինչ նորմալ է, որևէ բան չի արվում, եթե պարզվում է, որ պահանջները չեն պահպանվել, կիրառվում է պատասխանատվության համապատասխան միջոց»,– ասաց վարչության պետը։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերի կատարմանը, որոնց նկատմամբ վերահսկողությունը ՀԾԿՀ–ը իրականացնում է 2016թ–ից սկսած, Աշոտ Ուլիխանյանի պնդմամբ, այստեղ ևս հանձնաժողովը որոշ խնդիրներ այդ տարիների ընթացքում արձանագրել է։
«Եղել է, որ ի սկզբանե համաձայնեցված ներդրումային ծրագիրը ամբողջ ծավալով չի կատարվել, որոշակի աշխատանքներ տեղափոխվել են հաջորդ տարիներ։ Բայց դա բնականոն գործընթաց է, որը պարբերաբար իրականացվում է։ Եթե կարիք է լինում որոշ ծրագրեր տեղափոխել, դա էլ է իրականացվում»,– ասաց Ուլիխանյանը։
Վերոհիշյալ ասուլիսում ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը նաև ասել էր, որ ՀԷՑ–ի պետականացման դեպքում էլեկտրաէներգիայի սակագինը ՀՀ–ում անխուսափելիորեն թանկանալու է։
Թե իրականում ՀԷՑ–ի պետականացումն ու այդ նպատակով կառավարության հեղինակած նոր օրենքի ընդունումը ինչ ազդեցություն կունենան Հայաստանի էներգետիկ ոլորտի և էլեկտրաէներգիայի սակագների վրա, ՀԾԿՀ–ում առայժմ դժվարանում են կանխատեսել։ Աշոտ Ուլիխանյանի խոսքով` հնարավոր նոր իրողությունների վերաբերյալ հաշվարկներ չեն արել։
«Կան այդ համակարգի անհրաժեշտ ծախսեր, կան համակարգում իրականացված ներդրումներ. այս ամեն ինչը հաշվի են առնված գործող սակագներում։ Թե այս գործընթացի արդյունքում ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն, այս պահին դժվարանում եմ ասել»,– Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց հանձնաժողովի ներկայացուցիչը` հավելելով, որ 2025թ–ի փետրվարի 1-ին հաստատված ծրագրով ընկերության ծախսերն ու կորուստները ֆիքսված են, թիրախները` ամրագրված, և այդ ամենը ներառված է գործող սակագներում։
Ի դեպ, ՀԷՑ–ի գործունեության նկատմամբ վերահսկողությունը ՀԾԿՀ–ը իրականացնում է 2016թ–ից սկսած` 3 փուլով` 2016-2021, 2021-2025 և 2025-2028թթ–ի ծրագրերով։
Այս տարի փետրվարին հաստատված վերջին ծրագրի ավարտը 2028–ի փետրվարի 1-ն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18–ին` գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Ոչ թե «կիսագրագետ», այլ «անգրագետ». ՀԷՑ–ի ղեկավարը` պետականացման նախագծի մասին