Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանը համարել միության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում: Այս մասին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ԱԳՆԽ) նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, բայց, իհարկե, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերից բխող բոլոր պարտավորությունների կատարում: Այդ թվում, ի դեպ, անդամավճարների մուծումը», – ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները «ի գիտություն են ընդունել, որ արտգործնախարարը [ՀՀ արտգործնախարար Արարար Միրզոյանը] կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»: «Մենք ելնում ենք նրանից, որ երբ մեր պետությունների ղեկավարները հանդիպել են ՀԱՊԿ-ի կազմում, նրանք նույնպես հաշվի են առել Հայաստանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ», – հավելել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները խոսում են այն մասին, որ միտումները զարգանում են «բազմավեկտոր համատեքստում»։
Հիշեցնենք` ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը չվճարի անդամավճարը մինչև 2025 թվականի վերջը, ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են դիտարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։
2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։