Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՇՄՆ

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 30–ին և հուլիսի 1–ին Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»,– զգուշացրել են նախարարությունից։
ՇՄՆ– ն հիշեցրել է, որ անտառային տարածքներում արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: