ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում։ Այս հայտարարությունն արել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` խստորեն դատապարտելով սրբազանին կալանավորելու և ազատազրկելու որոշումը։
«Այդ որոշումն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Սա անձնական վրեժխնդրության դրսևորում է իրեն քրիստոնյա և հայ եկեղեցու զավակ նկատող մի անձի կողմից, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,– ասված է հայտարարությունում։
Մայր աթոռը դատական համակարգին և պատկան մարմիններին հորդորել է գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները հունիսի 27-ին մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը` որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։
Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ Այս ընթացքում տասնյակ անձինք ձերբակալվեցին։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք ԱԱԾ–ականների մուտքը խոչընդոտելու համար։
Դատարանն այսօր որոշեց 2 ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդին։