ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը որևէ ծանուցում չի ստացել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիային` անդրադառնալով առավոտյան առաջնորդարանում տեղի ունեցած դեպքերին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայիններն այսօր մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։ Նա մոտեցավ մեքենային, սակայն ժողովուրդը թույլ չտվեց նստել մեքենա։ Սրբազանը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։ Այս պահին նա Էջմիածնից գալիս է Երևան` ՀՀ քննչական կոմիտե։
«Առավոտյան հայտնվել են առաջնորդարանում, մտել են, ջարդուփշուր արել, տարել են լափթոփ, դիսկեր, կրիչներ, որոնցից նրանք միայն դառը հիասթափություն են ապրելու»,– պատմեց սրբազանը` հավելելով, որ այդ պահին այնտեղ եղել են պահակն ու հավաքարարը։
Հարցին` ի՞նչ կարող էին փնտրել առաջնորդարանում, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, երևի զենք–զինամթերք»։
Լրագրողներից մեկը հուշեց` գուցե «հեղաշրջման պլա՞նը»։
«Հա էլի, կարող է` գցել են»,– ասաց նա` կրկին ընդգծելով` իրավապահներին դառը հիասթափություն է սպասում։
Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։