Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավիճակն արդեն խաղաղվել է։ Մինչ այդ հոգևորականներն ու քաղաքացները հավաքվել էին երկրի գլխավոր տաճարի մոտ և թույլ չէին տալիս, որ ուժայինները մտնեն վեհարան։ Այնուհետև նրանք սկսեցին աղոթել։
Հայ առաքելական եկեղեցուն սատարողների թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա հոգևորականների և ծխականների հետ երգում էր Կոմիտասի «Տէր, ողորմեա»–ն։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել էին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։