ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ռուսաստանը կարող է Հայաստանի տարածքով իրականացված զուգահեռ ներմուծումը փոխարինել այլ ուղղություններով մատակարարումներով։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։
Նրա խոսքով՝ եթե նախկինում հարմար էր Հայաստանի տարածքով ավտոմեքենաներ ներմուծել Ռուսաստան, ապա այժմ հաջողությամբ օգտագործվում են այլընտրանքային ուղղությունները, մասնավորապես՝ Տաջիկստանը և Ղրղզստանը: Այս հայտարարությունը հնչել է Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների վերաարտահանման ծավալների նկատելի նվազման ֆոնին։
Հայաստանում տնտեսական աճը 2022-2023 թվականներին և 2024-ի առաջին կեսին, ինչպես նշել է փորձագետը, մեծամասամբ կապված է եղել ռուսական գործոնի հետ։ Այն ներառում է ինչպես հայկական արտադրանքի արտահանումը, այնպես էլ լրացուցիչ զբաղվածությունն ու սպառողական ակտիվությունը, որոնք ստեղծվել են Ռուսաստանից ժամանած ռելոկանտների հաշվին։
Տկաչենկոյի կարծիքով, այդ գործոնների թերագնահատումը հանգեցնում է նրան, որ, չնայած զուգահեռ ներմուծման ծավալների կրճատմանը, Հայաստանից Ռուսաստան արտահանումը սկսել է նվազել: