ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հոգևորականներն իրեն հետագա գործողությունները կքննարկեն Վեհարանում։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այդ մասին հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հիմա մեր փաստաբանի հետ կգնա իրավապահների հետ, մենք կգնանք Վեհարան, որտեղ քահանայական ժողովն էր։ Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք կներդնենք, որպեսզի արդարությունը գործի»,– ասաց կաթողիկոսը։
Հիշեցնենք` այսօր Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։