«Կորովկա» պաղպաղակի միայն մեկ արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված նորմերին

Պաղպաղակի նշված տեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Կորովկա» ապրանքանիշի պաղպաղակի միայն մեկ արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված նորմերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07․03․2025թ, պիտանիության ժամկետը 18 ամիս, 100 գրամանոց), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մյուս երեք արտադրատեսակներում (պաղպաղակ պլոմբիր վանիլային վաֆլե բաժակով, շոկոլադե պաղպաղակ պլոմբիր վաֆլե բաժակով , պլոմբիր վանիլային մրգային սև հաղարջով ջնարակ միջուկով ) խախտումներ չեն հայտնաբերվել:
«Կորովկա»
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրվել է Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում արտադրատեսակի նշված խմբաքանակի (արտադրող` «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ, ՌԴ, Կրասնոդարի Երկրամաս) իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր, որի կատարման համար սահմանվել է ժամկետ:
ՍԱՏՄ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վերահսկողություն է սկսվել պաղպաղակ արտադրող ընկերություններում։