ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել ԵԱՏՄ շուկա, քան ինքն է սպառում։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասել է Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ:
Ինչպես նշել է Սիմոնյանը, 2024 թվականի արդյունքներով Հայաստանն արտադրել է մոտ 9,2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից մոտ 7 մլրդ կվտ/ժ-ը ինքն է սպառել (մնացածը արտահանվել է Իրան և Վրաստան – խմբ.)։
Նրա խոսքով, արտահանման ներուժը գնահատվում է առնվազն մոտավորապես նույնքան՝ 7 մլրդ կվտ/ժ։ Այս ծավալը կարելի է ստանալ՝ ամբողջ հզորությամբ գործարկելով երկրի բոլոր էլեկտրակայանները։ Մնացած ԵԱՏՄ-ի էներգահամակարգին միանալու դեպքում հնարավոր կլինի աստիճանաբար շահագործման հանձնել այդ հզորությունները։
«Տվյալ դեպքում մեր քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի վճարել այդ հզորությունները ստատիկ վիճակում պահելու համար», – պարզաբանել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ Իրանից Հայաստան կառուցվում է երկու շղթայով 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ, պետք է սկսվի նաև Հայաստանից Վրաստան նույն գծի շինարարությունը: Այդ գծերը կօգնեն ձևավորել էլեկտրաէներգիայի մատակարարման հզոր և անխափան ուղիներով «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցք։
Նշենք, որ Հայաստանն ամբողջությամբ չի շահագործել ջերմաէլեկտրակայանների (հատկապես Հրազդանի ՋԷԿ-ի և «Գազպրոմ-5»-ի) հզորությունները։ Այս կայանները գործարկվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ, համեմատած ատոմակայանների, հիդրո և արևային կայանների հետ, դրանց էներգաարտադրությունը համեմատաբար թանկ է։
Փոխնախարարը հիշեցրել է, որ նշված 9,2 մլրդ կվտ/ժ-ից 2024 թվականին արտադրության 31,5%-ը բաժին է ընկել ԱԷԿ-ին, 39%-ը՝ ջերմային կայաններին, 23%-ը՝ ՀԷԿ-երին, 6%-ը՝ արևային կայաններին։ 2023 թ. համեմատ արտադրության ծավալն աճել է 4.6%-ով։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: