ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում։ Այդ մասին «Ֆեյսբուքում» այսօր գրառում է արել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Զուրաբյանն իր այս գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ` Աննա Հակոբյանի գրառումներին, որտեղ նրանք պարբերաբար վիրավորում ու վարկաբեկում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։
«Այս զույգն իր վախերը փարատելու և իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա` Արցախի թե Սյունիքի և հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները և օրինականության ոչնչացումը, թե` մեր ազգային ինքնության ձևավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը»,– գրել է Զուրաբյանը:
Նրա համոզմամբ` այս զույգը շատ լավ հասկանում է, որ «Հայ առաքելական եկեղեցու մաքրության» և «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, նրանք ջարդում են ազգային ամրության ողնաշարը, սերմանում պառակտություն և ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը:
Նշենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած վիրավորանքները սկսվեցին այն պահին, երբ Տեր–Պետրոսյանը երկու անգամ հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հետ և իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։