ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել
«Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» Հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը»,-նշված է նամակում։
Նա նաև հերքել է լուրերը, թե իբր դատական նիստի ընթացքում հաստատել է ՔԿ-ի տարածած ձայնագրությունների իսկությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հաջորդ օրը զանգվածային խուզարկություններ սկսվեցին «Սրբազան պայքար» շարժման անդամների և աջակիցների տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ 16 մարդու ձերբակալեցին, այդ թվում` շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Նույն օրը երկամսյա կալանքի որոշում կայացվեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը 2 ամսով կալանավորվեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։