ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Երկրաշարժ է եղել Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք և Երանոս գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Մեկ ժամ չանցած` ժամը 22։12–ին, 2–րդ երկրաշարժն է եղել Մարտունի քաղաքի մոտ, այս անգամ` քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Մարտունի քաղաքում, ինչպես նաև Լիճք, Երանոս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն և Ծակքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։