ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»,-նշել է նախարարը։
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Վրաստան այցելած Պապոյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից այդ օրը բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա՝ առաջիկա յոթ օրվա ընթացքում, իսկ դրան կհաջորդի լրացուցիչ 24 մեքենայի բացթողում։
Հայաստանյան կոնյակ արտադրողները մայիսի 13-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։