Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ գործարք կկնքվի ուկրաինական հակամարտության հարցով

Թրամփը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը երբեք չէր բռնկվի, եթե սկսվելու պահին ինքը լիներ ԱՄՆ նախագահ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ գործարք կնքելու հնարավորության հույս ունի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Վլադիմիրը (նկատի ունի Պուտինին. խմբ.) զանգեց և օգնություն առաջարկեց Իրանի հարցում։ Ես ասացի. «Ո՛չ, Իրանի հարցում օգնության կարիք չունեմ, ես քո հարցում օգնության կարիք ունեմ»։ Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գործարք կնքել Ռուսաստանի հետ», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի առաջնորդի հետ վերջերս տեղի ունեցած խոսակցությունը:

Նա ևս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը երբեք չէր բռնկվի, եթե սկսվելու պահին ինքը լիներ ԱՄՆ նախագահ:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին հայտնեց, որ Ռուսաստանի նախագահը զանգել է իրեն` ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրեց, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 50 րոպե, քննարկվել է Իրանի և ուկրաինական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: