ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։
«Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»,– ասաց նա։
«Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
© Sputnik
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։