Իրանի արտգործնախարարը Պուտինի հետ բանակցությունների մանրամասներ է ներկայացրել

Նախարարը ասել է, որ ռուսական կողմին տեղեկացրել է հունիսի 20-ին Ժնևում «եվրոպական եռյակի» ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում պատմել է, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են դիվանագիտական ​​հարցեր, այդ թվում՝ Իրանի վրա վերջերս կատարված հարձակումները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր տեղի է ունեցել լուրջ և կառուցողական հանդիպում պարոն Պուտինի հետ։ Այն տևել է մոտ երկու ժամ։ Մենք քննարկել ենք Իրանի վրա վերջերս կատարված հարձակումները, ինչպես նաև հնարավոր դիվանագիտական ​​քայլերը», - ասել է Արաղչին։
Նախարարը հավելել է, որ ռուսական կողմին տեղեկացրել է հունիսի 20-ին Ժնևում «եվրոպական եռյակի»՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ միջուկային ծրագրի վերաբերյալ կայացած բանակցությունների մասին։
«Ռուսական կողմը ներկայացրել է իր մի շարք գաղափարներ, ինչպես նաև հնարավոր միջոցառումներ, որոնք կարող են ձեռնարկվել», - ասել է նա։
Հունիսի 23–ին Կրեմլում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։