ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նախկին օգնական, գրող և հրապարակախոս Տարա Ռիդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումն անվանել է «քրիստոնյաների դեմ հարձակումների ցնցող օրինակ»: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
«Քրիստոնյաների դեմ հարձակումների ևս մեկ ցնցող օրինակ, որը վտանգում է նրանց դավանանքի ազատությունը», — գրել է Ռիդը՝ մեջբերելով Հայ առաքելական եկեղեցու հայտարարությունը, որում Կարապետյանի կալանավորումը գնահատվում է որպես իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության դրսևորում:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։